Լևոն Տեր-Պետրոսյան. Նոր սահմանադրությունը կքանդի պետության հիմքերը
Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը կքանդի պետության հիմքերը: Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ վարչության և խորհրդի նիստերից հետո` սահմանադրական բարեփոխումների գործընթացը որակելով «արկածախնդրություն»:
ՀՀ առաջին նախագահի ասելով, սա ոչ թե սահմանադրական բարեփոխում է, այլ` միանգամայն նոր սահմանադրություն: Լևոն Տեր-Պետրոսյանը դրվատանքի խոսք է ասել «Չեք անցկացնի» նախաձեռնության հասցեին, որը միավորել է «Ոչի» ճակատն ընդդեմ բարեփոխումների: Նա նշել է, թե իր կարծիքով, դա լուրջ նախաձեռնություն է, այդ պատճառով ՀԱԿ-ը միացել է «Ոչի» ճակատին և կպայքարի ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: ՀԱԿ առաջնորդը նաև բարձր է գնահատել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության աշխատանքն Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ: Տեր-Պետրոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությանը և նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, նշելով, որ 2007 թվականից ի վեր ՀԺԿ-ն ՀԱԿ-ի ամենապարկեշտ գործընկերն է: -