ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը դատապարտել է կանխամտածված գործողություններն ընդդեմ անմեղ քաղաքացիական անձանց
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է կանխամտածված գործողություններն ընդդեմ անմեղ քաղաքացիական անձանց հայ-ադրբեջանական սահմանում և շփման գծում: Ամերիկացի դիվանագետն այդ մասին գրել է «Թուիթերի» իր էջին:
«Մենք դատապարտում ենք կանխամտածված գործողություններն ընդդեմ անմեղ քաղաքացիական անձանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մենք հանդես ենք գալիս հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելու օգտին», - գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, իր նախորդ գրառման մեջ Ուորլիքը տարածել էր ականի բեկորի լուսանկար: «Սա 120 մմ տրամաչափի ականանետի արկ է, որը, տեղեկությունների համաձայն, կիրառվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում: Նման էսկալացիան անընդունելի է», - գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից կիրառվող սպառազինության վերաբերյալ լուսանկարներ, որոնց թվում` 120 մմ տրամաչափի ականի լուսանկարներ: «Վերջին ժամանակներս հակառակորդն սկսել է հաճախ օգտագործել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային կայանք, ինչն ադրբեջանական քարոզչությունն անհաջող ձգտում է հերքել: Որպես ասվածի ապացույց` ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի առաջավոր ստորաբաժանումների կողմից կիրառված սպառազինության լուսանկարները», - ասվում էր ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում: