«Շանթ-2015». Երևանն իր խնդիրը գերազանց է կատարել
Սեպտեմբերի 4-ին «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության շրջանակում Հանրապետության հրապարակում ստուգել են կարճ ժամանակում անձնակազմ փոխադրելու համար տեխնիկա հավաքելու՝ քաղաքային իշխանությունների ունակությունը:
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ղեկավար, գեներալ-մայոր Գենադի Տավարացյանի ասելով, ստուգում էին քաղաքային իշխանությունների պատրաստվածությունը: «Քաղաքային իշխանությունները գերազանց կատարեցին առաջադրանքը, ընդ որում՝ նրանք այդ մասին չգիտեին: Նրանք մի քանի ժամվա ընթացքում ձեւակերպեցին փաստաթղթային բազան եւ հասցրեցին ամեն ինչ անել` համաձայնան կարգադրության»,- նշել է Տավարացյանը:
Ինչպես հայտարարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, իրենք առաջադրանք էին ստացել ժամը 23:30-ին 30 ավտոբուս ապահովել Հանրապետության հրապարակում՝ բնակչությանը տարհանելու համար: Առաջադրանքը կատարվել է Երեւանի քաղաքապետարանի եւ Ճանապարհային ոստիկանության համատեղ ուժերով:
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ղեկավարի տեղակալ Եգոր Կարապետյանն, իր հերթին, նշել է, որ ՃՈ-ին հանձնարարվել էր Ա կետից Բ կետ ուղեկցել Երեւանի քաղաքապետարանի ավտոբուսները, եւ առաջադրանքը կատարվել է:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Զորավարժություններում գործարկվում են երկրի բոլոր պետական մարմինները: