Ավելի քան 60 մարդ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ. ոստիկանություն
![Ավելի քան 60 մարդ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ. ոստիկանություն](http://arka.am/upload/resize_cache/iblock/4c0/220_165_2/4c070b089d5ad795df9d29476528e5d1.jpg)
Նախօրեին ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ, ավելի ուշ՝ ևս 29 անձ, որոնցից էլ 5-ը ներկայացվել են Քննչական կոմիտե:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ժամը 18.00-19.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ, ավելի ուշ՝ ևս 29 անձ, որոնցից էլ 5-ը ներկայացվել են Քննչական կոմիտե:
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հուլիսի 27–ի լույս 28–ի գիշերը Ազատության հրապարակում անցկացվել է «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցող բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները հետագայում երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց։ Ընդ որում, դեպի Խորենացի փողոց տանող բոլոր ճանապարհները արգելափակվել էին ոստիկանների կողմից:
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներին, ինչպես նաև իշխանության հրաժարականը: Սակայն երբ լրացավ նրանց վերջնագրի ժամկետը, նրանք չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հետագա քայլերի շուրջ:
ԶԼՄ-ների տվյալներով, նախօրեին գիշերը ոստիկանությունը զանգվածային ձերբակալումներ է իրականացրել բողոքի ցույցի ժամանակ: Գիշերը ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բերման ենթարկվածների մեծ մասը բաց է թողնվել, այդ թվում, աշխարհահռչակ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հանրաճանաչ դերասանուհի Արսինե Խանջյանը։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-