Արդյունաբերական ապրանքների շուկան դուրս է մնացել վերահսկողությունից. փորձագետ
Հայաստանի արդյունաբերական ապրանքների շուկան դուրս է մնացել պետական վերահսկողությունից, չորեքշաբթի հայտարարեց «Իրազեկված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
«Հայաստանում մթերային ապրանքների նկատմամբ վերահսկողությունը երկու մարմին է իրականացնում` Սննդի անվտանգության պետական ծառայությունը և Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետծառայությունը, որն իրականացնում է արդյունաբերական ապրանքների շուկայի վերահսկողությունը: Սակայն, վերջին գերատեսչությունը վերջին 4 ամսվա ընթացքում վերակազմակերպման պատճառով չի իրականացնում իր գործառույթները»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով, այս ոլորտն արդեն չորս ամիս է չի վերահսկվում:
Փորձագետը նշեց, որ պատրաստվում է առաջիկայում դիմել կառավարությանը, որպեսզի վերականգնվի տվյալ գերատեսչության գործունեությունը` թեկուզ առկա ռեսուսներով:
«Անհրաժեշտ է մոնիտորինգ իրականացնել` հասկանալու համար, ինչպիսի առաջնային վտանգներ կան: Մասնավորապես, խոսքը գնում է մանկական լվացքի պոշիների մասին, որտեղ խախտումներ են հայտնաբերվել»<-ասաց նա:
Ավելի վաղ ռուսական ոչ առևտրային հասարակական կազմակերպությունը հրապարակել էր մարդու առողջության համար պոտենցիալ վնաս ներկայցնող արդյունաբերական ապրանքների ցանկը:
Նրա խոսքով, այս պահին մեծ բաց կա արդյունաբերական ապրանքների իրազեկման վերաբերյալ, իսկ դրա համար պետության վերահսկողությունն է անհրաժեշտ:
Բացի այդ, Պիպոյանն ընդգծեց, որ սպառողի իրավունքների կարևորագույն գործոն է նրա իրազեկումը, սակայն այդպիսի մեխանիզմ Հայաստանում չկա:—0-