ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը մոռացության չի մատնվել. Կոսաչյով
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը մոռացության չի մատնվել: Այս մասին ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Երևանում:
«Մենք այս հարցն առանձին չենք քննարկել այսօրվա նիստում, որովհետև դա, մեծ մասով, վերաբերում է մեր երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին: Ես գիտեմ, որ մեր գործընկերներն ակտիվորեն զվաղվում են դրանով: Իհարկե, հարցը պետք է իր լուծումը գտնի»,- ասաց ռուս քաղաքական գործիչը:
Նա նշեց, որ հարցը հետաքրքրում է բազմաթիվ մարդկանց, ովքեր աշխատում են Ռուսաստանում:
«Մյուս կողմից պետք է ասել, որ դա առնչվում է ուղևորափոխադրումների անվտանգության հետ կապված որոշակի պահանջներին: Պարտադիր է և՛ պատշաճ մակարդակով լեզվի իմացությունը, և՛ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, և՛ ավտոտրանսպորտ վարելու յուրահատկությունները: Այս հարցը, հավատացեք, մոռացության չի մատնվել»,- ասաց Կոսաչյովը:
Ռուսաստանի կողմից Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի: 2019թ.-ի ապրիլի 4-ին կայացած Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում ռուսական կողմը պատրաստակամություն հայտնեց աշխատանքներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման օրենսդրական գործընթացի արագացմանը: -0-