Բելառուսի նախագահ. Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ «Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում», - նշել է նա։
Խոսելով երկու երկրների համագործակցության մասին, Լուկաշենկոն անդրադարձել է տնտեսական օրակարգի հարցերին:
«Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ», - ասել է նա:
Նշելով, որ հայերի նկատմամբ Բելառուսում շատ ջերմ վերաբերմունք կա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Հայերի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք այսօր»:
«Ուստի Դուք կարող եք հանգիստ լինել՝ չնայած հնչում են տարատեսակ կարծիքներ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, մեզ ինչ-ինչ բաների համար քննադատում են: Ես դա բնական եմ համարում, սակայն կարևորն այն է, որ մենք դաշնակիցներ ենք, գործում ենք նույն դիրքերից: Մենք, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունենք», - ասել է նա:
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի ողջ ժողովրդին հուլիսի 3-ին նշվող Ազգային տոնի՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ և ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ։-0-