Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ, չնայած առաջացող գանգրենայի
Նիստի ժամանակ փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է շաքարային դիաբետի սրման պատճառով, առաջացել է նաև ոտքերի գանգրենա։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի որոշեց մերժել կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։ Այս մասին հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է զենքի և զինամթերքի ապօրինի ձեռք բերման, իրացման, պահման, ինչպես նաև ուրիշի ունեցվածքն ապօրինի յուրացնելու և վատնելու մեջ։ Գրիգորյանը հունիսի 6–ին առողջական վիճակի վատացման պատճառով ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նշվում էր, որ նա հոսպիտալացվել է նախակոմատոզային վիճակում։
«Մերժելով խափանման միջոցը փոխելու մասին պաշտպաններրի միջնորդությունը` դատարանը միաժամանակ ընդունում է բժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը պաշտպանների կողմից նշված հիվանդություններն ու դրանց ծանրության աստիճանն ուսումնասիրելու համար` մեղադրյալի առողջության ապահովմանն ուղղված հետագա միջոցառումներն ընդունելու նպատակով», – հայտարարեց Մարտիրոսյանը։
Նիստի ժամանակ փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է շաքարային դիաբետի սրման պատճառով, առաջացել է նաև ոտքերի գանգրենա։
«Գրիգորյանի մոտ ախտորոշվել են մի շարք հիվանդություններ, մասնավորապես` շաքարային դիաբետ, սրունքի զարկերակների նեղացում, ողնուղեղի վնասում, թոքային հիպերտենզիա, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն։ Դիաբետի սրացման պատճառով Գրիգորյանի ոտքերն այտուցվել են մոտ 80%-ով, սկսել է առաջանալ գանգրենա, ինչը կարող է պահանջել վիրաբուժական միջամտություն և անդամահատություն», – նշեց նա։
Նրա խոսքով, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հունիսի 11–ին կայացած կոնսիլիումի ընթացքում «Նաիրի» ԲԿ–ի բժիշկները, ովքեր զբաղվում են Գրիգորյանի բուժմամբ, նշել են, որ նա պետք է գտնվի սրտաբանի, օնկոլոգի և էնդոկրինոլոգի մշտական հսկողության տակ, ինչպես նաև 24 ժամ ընդունի թթվածին։
Պաշտպանները նաև հայտնել են, որ պատրաստ են վճարել 10 մլն դրամի գրավ։
Դատախազն իր հերթին առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ այն անհիմն է։ Նա հիշեցրեց, որ Գրիգորյանը գտնվում է ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ բուժվում է քաղաքացիական հիվանդանոցում։–0–