ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Փաշինյանը ներկա է գտնվել ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի I շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը
Փաշինյանի խոսքով, ռազմավարական տեսլականում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ռուսերենը կարևոր և առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական տեսլականի համատեքստում։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն»,– ասաց նա Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ընթացքում։
Նա ընդգծեց, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:
Վարչապետը նշեց նաև, որ այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում «լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ»։
«Մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է»,– ասաց նա։
Կառավարության ղեկավարը նաև ընդգծեց, որ այդ փորձի առկայությունից օգտվելը Հայաստանի քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է: -0-