ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի
![ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի](http://arka.am/upload/resize_cache/iblock/960/220_165_2/960f33b8dacb5c427c25d0ca6b4703dc.jpg)
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրավիրում է մասնակցելու հանրահավաքի։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մայիսի 23-ին` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է մասնակցելու հանրահավաքի։
Մինչ այդ, ինչպես հայտնում է yerkir.am-ը, ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել էր ՀՀ վարչապետը։
Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել էին արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը։ Ժամը 12։00–ին վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը։ Այսօր նա կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։
Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։–0–