«Փաշինյանը «Վրացական երազանքը» փրկելու մտադրություն չունի»
Մարտի 11-ին ելույթ ունենալով Եվրոպական Խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.
«Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար»։
Գելա Վասաձեն նշել է, որ «Վրաստանի փորձագիտական հանրությունը մեծ ոգեւորությամբ քննարկում է Նիկոլ Փաշինյանի ելույթը»:
«Երկու վարկած կա: Առաջինը՝ Փաշինյանին դա անհրաժեշտ է, քանի որ առանց Վրաստանի Հայաստանը չի կարող ԵՄ մաս դառնալ: Երկրորդը՝ Փաշինյանը դարձել է «Վրացական երազի» լոբբիստ՝ դավաճանելով ժողովրդավարության իդեալներին:
Նախ եւ առաջ՝ խոսքն ընդհանրապես այն մասին չէ, որ Հայաստանը կդառնա ԵՄ մաս: Խոսքը Եվրամիության հետ հարաբերությունների այնպիսի ձեւաչափի մասին է, որի պարագայում երկիրը ստանում է բավականաչափ լուրջ ֆինանսական եւ քաղաքական օգուտներ: Դրա համար Փաշինյանին պե՞տք է Վրաստանը: Պետք չէ: Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի ԵՄ լիարժեք անդամակցության համար, հազար ու մեկ այլ գործոնների հետ մեկտեղ, անհրաժեշտ է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Սա աշխարհագրություն է: Թեեւ հենց հայերի համար՝ նրանց պատմական զոհի կերպարով, Եվրոպայում տեսականորեն կարող էին բացառություններից բացառություն անել: Արեւմտամետ Հայաստանը Բենիլյուքսի երկրների բոլոր քաղաքական գործիչների երազանքն է»,- նշել է Վասաձեն:
«Հիմա խոսենք «ժողովրդավարության դավաճանության» մասին: Սա ընդհանրապես տարօրինակ բնորոշում է: Փաշինյանը երբեք չի եղել եւ չի կարող լինել դեմոկրատ՝ ազատական եվրոպական պատկերացմամբ: Նա Հայաստանում կառուցում է բավականաչափ կոշտ ավտորիտար ռեժիմ: Եվ ամենեւին ոչ թե այն պատճառով, որ վատն է, այլ որովհետև այլ կերպ լիարժեք ազգային պետություններ չեն ստեղծվում: Փաշինյանի ավտորիտարիզմը մոդեռնիզացիոն տիպի ավտորիտարիզմ է՝ ի տարբերություն այն մոդելի, որ նրանից առաջ գերիշխում էր Հայաստանում եւ պարզապես պահպանում էր խորհրդային ժառանգությունը: Փաշինյանը չի փրկում «Վրացական երազին» եւ չի դավաճանում ժողովրդավարությանը: Նա պարզապես գործում է որպես ռացիոնալ քաղաքական գործիչ, որը փորձում է լուծել իր երկրի խնդիրները՝ միաժամանակ լրացուցիչ միավորներ ձեռք բերելով եւ՛ Բրյուսելում, եւ՛ Հարավային Կովկասում»,- ամփոփել է քաղաքագետը:
