Ակնկալում ենք ձեր կողմից և´ քննադատություն, և´ խորհուրդ, և´ առաջարկություն. Վարչապետը ընդունելության էր հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տոնական ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին: «Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը և անհանդուժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից և´ քննադատություն, և´ խորհուրդ, և´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական»,-ասաց նա և խնդրեց քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Կարեն Կարապետյանը պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` ժամացույցով և խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
Այնուհետև նա շրջեց ու շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը, զրուցեց նրանց հետ:
Հարցին, թե կառավարության անդամներից ո՞ւմ է պատկերացնում ձմեռ պապու և ձյունանուշի դերերում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ձյունանուշը երևի հեշտ է, որովհետև ընտրությունը քիչ է, ձմեռպապի՝ ոչ մեկի»:
Ինչ վերաբերում է, թե որն է գլխավոր խոստումը 2017 թվականին՝ նա ասաց. «Խոստումը չէ, ցանկությունը՝ եղեք լավատես: Այնքան ծրագիր եմ գրել, բոլորը խոստում է»:
