ԼՂ խնդրի կարգավորումը կախված է ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ ԱՄՆ-ից ու Թուրքիայից. Ալեքսանդր Կարավաև
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին մեծամասամբ Մոսկվայում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության կենտրոնի քաղաքական կանխատեսման բաժնի ղեկավար Ալեքսանդր Կարավաևը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ էր հանդես եկել, թե հիմնահարցի կարգավորման բանալին Ռուսաստանում է: Այս առնչությամբ Ալեքսանդր Կարավաևն ասաց, որ և՛ համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ, և՛ ոչ:
«Սա կախված է նրանից, թե ինչ համամասնությամբ է Մոսկվան տիրապետում հակամարտության կարգավորման բանալիին: Հասկանալի է, որ մեծամասամբ, այո, ՌԴ-ից է կախված լուծումը, բայց ասել, որ ամբողջությամբ Մոսկվայում է լուծման բանալին, ես չեմ կարծում»,- շեշտեց Ալ. Կարավաևը:
Քաղաքագետի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը նորություն չի ասել, այս մասին շատերն են խոսել, պարզապես տեսակետներ են հայտնել, որ Ռուսաստանը պատասխանատու է նաև հակամարտության ստեղծման, հետևաբար, նաև լուծման համար, ինչը, սակայն, իրականությունից հեռու է:
Հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում Ռուսաստանը չի նպաստում հակամարտության կարգավորման, եթե հիմնահարցի կարգավորման բանալին մեծամասամբ Մոսկվայում է, ապա Կարավաևը պատասխանեց, որ դա կախված է նաև Վաշինգտոնից և Թուրքիայից:
«Լարվածության նվազման համար ռեսուրսներ են պետք, դիվանագիտությունը, որը Մինսկի խմբի շրջանակներում է իրականացվում, քիչ է, հարկավոր է երկխոսություն ստեղծել հայկական և ադրբեջանական հանրությունների միջև: Հակամարտության կարգավորումը որոշ մասով կախված է նաև Վաշինգտոնից, Արևմուտքը հիմա երկրորդ ջութակի կարգավիճակում է, ուստի ԱՄՆ-ից է նաև կախված՝ ԼՂ հիմնահարցը կլուծվի՞, թե՞ ոչ: Բանալու երկրորդ մասը, ըստ էության, ԱՄՆ-ում է: Ազդեցություն ունի նաև Թուրքիան: Թուրքիայից էլ կախված է նաև հիմնահարցի կարգավորումը»,- ընդգծեց Ալեքսանդր Կարավաևը:
