Ռուսական օպերատիվ-քննչական խմբի հետ միասին Կառլովի սպանության բացահայտմամբ կզբաղվի նաև 120 հոգանոց հատուկ խումբ Թուրքիայից
Ռուսաստանի ուժային գերատեսչությունների օպերատիվ-քննչական խմբի հետ միասին Կառլովի սպանության բացահայտմամբ կզբաղվի Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզության կոմիտեի գրասենյակներից ուղղորդված 120 հոգանոց հատուկ խումբ. այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին:
Նշենք, որ Սիրիայում գործող «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան այսօր ստանձնել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը:
«Աս Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ջեյշ ալ Ֆաթհ» խումբը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել ի պատասխան Հալեպում կրած պարտության:
Դեսպանին սպանած 21-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին:
