Տեսնում ենք համագործակցություն ԵԱՏՄ շրջանակներում, որի անդամ է Հայաստանը. Հասան Ռոհանի
Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հեռանկարները մեծ են: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Հանուն բարեգութ ու գթառատ Աստծո, ուրախ եմ, որ այսօր հարևան, բարեկամ երկրի՝ Հայաստանի հյուրերն ենք»,- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց Ռոհանին:
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են: Պատմական առումով էլ այս տարածքի ժողովուրդը և Իրանի ժողովուրդը միմյանց հետ հազարամյակներ կողք կողքի ապրել են ու քաղաքակրթական մեկ միավորի ներքո են գտնվում: Իրանի կառավարությունը գործընկերության համար 2 երկրների հարաբերության զարգացման միտում է տեսնում: Մեր կառավարության գործունեության սկզբից մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած երդմնակալության արարողության շրջանակներում»,- հայտարարեց Հասան Ռոհանին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասաց, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, բայց առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում պետք է նախատեսել ու նախագծել ներուժի ավելի մեծ կիրառում, հատկապես՝ էներգետիկայի բնագավառում, որտեղ արդեն իսկ ականատես ենք լավ հարաբերությունների զարգացման:
«Մենք պայմանավորվածություն ունենք Թուրքմենստանի հետ գազի փոխանակումներ կատարելու հարցում և հուսով եմ, որ կկարողանանք արտահանել այն այլ երկրներ ևս: Պետք է ունենանք նաև 3-րդ ուղղությունը, որ տարանցիկ ուղիներ ապահովենք: Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու համար աշխատանքները ավարտին պիտի հասցնենք, երկաթուղագծի միջոցով էլ ունենանք կապակցված ուղղություն»,- շեշտեց Ռոհանին:
Վերջինս շեշտեց, որ այս տարածաշրջանի ժողովրդի համար երկու պետությունները պետք է ստեղծեն նպաստավոր իրականություն:
Իրանի Նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև բնապահպանական խնդիրներին, մասնավորապես՝ Արաքս գետին, որը երկու ժողովրդների համար է արժեքավոր:
«Աղտոտվածությունը, որը երբեմն նկատվում է Արաքս գետում, հույս ունենք, որ հնարավորինս արագ կկարգավորվի»,- ասաց Հասան Ռոհանին:
Նա նաև կարևորեց ՀՀ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ բնագավառը պետք է առավելագույնս հեշտացվի, ստեղծվեն արտոնյալ պայմաններ:
«Համապատասխան հնարավորություններ են առկա, հատկապես ազատ տնտեսական գոտու շնորհիվ, որ արտահանումներ իրականացնենք, ապրանքներ փոխանակենք: Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք բանկային, միջբանկային համագործակցությանը, որ երկու երկրների կենտրոնական բանկերի միջև ծավալվի համապատասխան համագործակցություն: Առաջիկայում մենք հանդիպումներ ենք նախատեսում ԿԲ նախագահների միջև։
Միաժամանակ, տեսնում ենք համագործակցություն ԵՏՄ շրջանակներում, որի անդամ է Հայաստանը: Այս առումով առանձնահատուկ պայմաններ են առաջացել համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում ազատ առևտրի պայմանագրի շուրջ պայմանավորվածություն ձեռքբերելու ուղղությամբ»,- եզրափակեց Հասան Ռոհանին:
