ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Հասան Ռոհանի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության խնդրին, նշել, որ մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են ու հուսով ենք, որ ականատեսը կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղութան, որը կլինի ամբողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած, ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կուզենայինք ականատեսը լինել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը»,- հայտարարեց Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: «Մենք պետք է բոլոր երկրների հետ կարողանանք տվյալ ոլորտում ունենալ փոխգործակցություն, որ ահաբեկչութան դեմ պայքարում ունենք արդյունավետ հանգուցալուծում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախքան այդ Իրանի նախագահը խոսել էր նաև Հայաստանի և Իրանի հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները մեծ են: «Հանուն բարեգութ ու գթառատ Աստծո, ուրախ եմ, որ այսօր հարևան, բարեկամ երկրի՝ Հայաստանի հյուրերն ենք»,- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասել էր Ռոհանին:
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են: Պատմական առումով էլ այս տարածքի ժողովուրդը և Իրանի ժողովուրդը միմյանց հետ հազարամյակներ կողք կողքի ապրել են ու քաղաքակրթական մեկ միավորի ներքո են գտնվում: Իրանի կառավարությունը գործընկերության համար 2 երկրների հարաբերության զարգացման միտում է տեսնում: Մեր կառավարության գործունեության սկզբից մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած երդմնակալության արարողության շրջանակներում»,- հայտարարել էր Իրանի նախագահը։
