Ինչու է իշխանության հետ համագործակցող ՀՅԴ-ն կողմ քվեարկել «Ապստամբության իրավունքի մասին» նախագծին
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» օրենքի նախագծին այն դեպքում, երբ հայտնի են Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Դաշնակցության տեսակետները:
«Դաշնակցության սկզբունքային մոտեցումն է եղել այն, որ մենք կողմ ենք քվեարկում բոլոր նախաձեռնություններին, որ մտնեն օրակարգ և քննարկվեն, մենք դրան ենք կողմ քվեարկել»,-ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես չի հասկանում նրանց, ովքեր դեմ են քվեարկում, որ հարցը մտնի քննարկման:
«Մենք բովանդակությանը չենք քվեարկում, չէ՞»,-ընդգծեց նա:
Ըստ Ռուստամյանի՝ բազմաթիվ նախագծեր են բերվել քվեարկության «հում վիճակով», հետո քննարկումների ժամանակ «միս ու արյուն են ստացել» ու դարձել նորմալ նախագիծ:
«Մենք որևէ ձևով չենք կարող կաշկանդել որևէ հարցի քննարկումը, և դա ճիշտ չի»,-եզրափակեց դաշնակցական պատգամավորը:
