«Արամյանց» ԲԿ-ն թեև ֆինանսական խնդիրներ ունի, սակայն փակման վտանգի առաջ կանգնած չէ. ԲԿ-ի տնօրեն
«Արամյանց» բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բժշկական կենտրոնն ունի որոշ ֆինանսական խնդիրներ, որոնք վերաբերում են տնտեսական, բուժական, աշխատավարձով ապահովելու հարցերին, սակայն փակման վտանգ չկա: «Ֆինանսական խնդիրներն ունեն իրենց օբյկետիվ պատճառները, որոնք պայմանավորված են ոչ թե ավելի շատ ներքին հիվանդանոցային վիճակի հետ, այլ արտաքին գործոնների հետ, մասնավորապես երկար տարիներ նախարարության վարած քաղաքականության հետ, որի հետևանքով կենտրոնը ունեցել է ֆինանսական լուրջ խնդիրներ և տուժել է»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է պետական պատվերի ոչ համաչափ և ոչ հավասարաչափ բաշխման սկզբունքներին:
Կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենց կողմից կատարված աշխատանքների դիմաց երկար տարիներ փոխհատուցումներ չեն տրվել, ինչը նույնպես անդրադարձել է ֆինանսական վիճակի վրա: «Բազմաթիվ բժշկական նոր կազմակերպություններ են ստեղծվել, ամբողջ հանրապետությունը հեղեղված է դրանցով և դեռ չկազմակերպված կազմակերպություններին պետական պատվերներ են տրամադրվում, ինչն արհեստականորեն բերում է կոշտ և ոչ արդարացի մրցակցության: Այս ամենը հանգեցնում է դեմպինգի՝ գների արհեստական իջեցման, որը խաթարում է մյուս կազմակերպությունների գործունեությունը: Դրանից բացի սկսվել է լավագույն բժիշկ մասնագետների «որս», այսինքն մեծ գումարներ առաջարկելով մասնագետներին տանում են, ինչը նորմալ համակարգված երևույթ չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով դատական գործընթացներին, Սամվել Հարությունյանն ասաց, որ կան կազմակերպություններ, որոնց նկատմամբ կրեդիտորական պարտքեր ունեն, կան դատական հայցեր և լինում է, որ հաշտության համաձայնագիր են կնքում և ժամանակին այդ հարցերը կարգավորում են: «Բացի այդ կան մոտավորապես 70-ից ավելի քաղաքացիներ, ովքեր իրենց բուժումն են ստացել մեր կենտրոնում և նրանց կյանքը մենք փրկել ենք, բայց երեք միլիոնի չափ պարտք են: Մենք էլ ենք դատական պրոցեսների մեջ և չենք կարողանում այդ գումարները հետ բերել»,-ասաց նա:
Բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ կենտրոնն առողջացնելու նպատակով հաջողվում է լուրջ ծրագրեր իրականացնել: «Աստիճանաբար վիճակը կկարգավորվի, առավել ևս վարչապետն այսօր շատ ուշադրություն է դարձնում առողջապահության համակարգին և ոչ միայն պետպատվերների հավասարաչափ կամ համաչափ բաշխման ուղղությամբ, այլ նաև նպատակների օգտագործման ուղղությամբ»,-ասաց նա և ավելացրեց, որ նորանշանակ նախարարն էլ կհաստատի նոր որդեգրած գիծը, ինչը կնպաստի առողջապահության համակարգի առողջացմանը:
Սամվել Հարությունյանն ասաց նաև, որ այս տարվա ընթացքում համագործակցության հուշագիր են կնքել Վատիկանի եկեղեկացական բժշկական կենտրոնի հետ երեք ուղղություններով՝ հիվանդների հնարավոր բուժումը այնտեղ կազմակերպելու, նրանց կողմից այցը «Արամյանց» ԲԿ, և երրորդը՝ մասնագետների վերապատրաստման կազմակերպում այնտեղ, և այս ամենից բացի նրանց կողմից հնարավոր աջակցություն կլինի սարքավորումների ձեռքբ բերման հարցում:
Սամվել Հարությունյանը, ով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբայրն է, չարախոսություն է համարում մամուլի հրապարկումը, թե փակման վտանգի առաջ է կանգնած ԲԿ-ն, և ըստ նրա՝ դա որոշակի մարդկանց կողմից ցանկությունը իրականություն դարձնելու ձգտումն է: «Զգում եմ, որ երևանի կենտրոնում նման ավանդույթ ուենցող հիվանդանոցը շատերի համար թվում է ավելորդություն»,-ասաց նա և իր խորին շնորհակալությունը հայտնեց իր կոլեկտիվին, ովքեր չնայած նման լուրերին շարունակում են աշխատանքը բժշկական կենտրոնում:
