Սամանթա Փաուերը, ինչպես Օբաման, հեռացող է, և կարող է իրեն թույլ տալ կոտրել Ցեղասպանութան շուրջ տաբուները. քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը որևէ կապ չի տեսնում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու (հետաբար, արտաքին քաղաքական ինչ-ինչ շեշտադրումների) և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն հայտարարության միջև:
«Չեմ էլ կարծում, որ քաղաքականության փոփոխություն է, ես կարծում եմ, որ սա կապված է միայն ու միայն Սամանթա Փաուերի անձի հետ, որովհետև ինքը ցեղասպանագետ է, և նախկինում էլ արտահայտվել է Հայոց ցեղասպանության խստիվ դատապարտմամբ, ինքն անձամբ ճանաչել է Ցեղասպանությունը, որպես ցեղասպանություն։ Եվ,սա թերևս, կամ իներցիա է,կամ պաշտոնավարումն ավարտելուց առաջ հայերին արվող ժեստ, մանավանդ որ, դա կարող է դիտվել որպես նման ժեստ նույնպես հեռացող Օբամայի կողմից»,-մեկնաբանեց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Associated Press-ը զարմանքով նշել էր, որ «ցեղասպանություն» եզրույթը տևական ժամանակ տաբու է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, որը դրա փոխարեն օգտագործում էր «զանգվածային կոտորածներ» ու «պատմական ողբերգություն» բառակապակցությունները:
Հայկ Ա. Մարտիրոսյանը նկատեց, որ եթե անգամ սա արվում է որպես ժեստ, ապա շատ ուշացած ժեստ է:
«Եվ նաև խիստ անտեղի է, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա տեղի է ունենում այս վարչակազմի վերջին ամսվա ընթացքում»,-հավելեց քաղաքագետը:
Հարցին, թե «Փաուերը հեռանում է» ասելով, ի՞նչ նկատի ունի, այսինքն` որպես դիվանագետ չի՞ աշխատելու, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող ասել, սակայն անվիճելի և կասկածից դուրս է, որ այլևս չի լինելու ԱՄՆ դեսպանը ՄԱԿ-ում:
