«Ժամանակն է իջնել երկնքից». Հեղինե Բիշարյանը հորդորում է ճշմարտությունն ասել պետբյուջեի մասին
2017թ.-ի պետական բյուջեն որևէ հույս չի ներշնչում, որ կանգնեցվելու է արտագաղթը, ունենալու ենք տնտեսական աճ. ԱԺ-ում այսօր հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Այն հույսը ու հավատը, որը ձևի մեջ կերակրում է ազգաբնակչությանը... ժամանակն է իջնել երկնքից, կանգնել հողի վրա, իրականությունը ներկայացնել ժողովրդին ու ասել՝ ինչ կարող ենք անել, ինչը՝ ոչ»,- նշեց Հեղինե Բիշարյանը:
Պատգամավորն ասաց, որ բյուջեով չեն ավելանում առողջապահության ոլորտին ուղղված միջոցները, երբ հիվանդանոցներում հիմա տեղ չկա, երբ մարդիկ սրտի վիրահատության համար հերթ են կանգնել, երբ քաղցկեղածին հիվանդությունները երիտասարդացել են:
«Սրանք պետք է բյուջեում ամենակարևոր կետերը լինեն: Ի՞նչ է անում կառավարությունը, որ այս խնդիրները լինեն ուշադրության կենտրոնում»,- հարց հնչեցրեց Հեղինե Բիշարյանը:
Սոցիալական ոլորտում էլ, ըստ պատգամավորի, ակնկալիքներ չկան, որովհետև թոշակների, աշխատավարձերի բարձրացում չկա, բայց գնաճ կա:
Պետական բյուջեում բացակում է քաղաքական կամքը, որը, ըստ Բիշարյանի, ամենակարևորն է:
«Եթե նոր կառավարությունը շատ է ուզում գազի գինը իջեցնել, թող սպասարկման վարձը հանի։ Իրենց գողացած տարբեր ժամանակվա փողերը թող հետ տան, ոչ թե իրենց փողերը օֆշորներում ապահովեն, գան ստեղ՝ ասեն, թե համարձակ քայլեր ենք անում, գործազրկությունը շատացնում ենք, որ մի քանի տարի հետո լավ ցուցանիշներ ունենանք: Այս ընթացքում մենք առողջ սերունդ ենք կորցնում»,- հայտարարեց Հեղինե Բիշարյանը:
