Կառավարությունը զբաղված է ժամավաճառությամբ. Լևոն Զուրաբյան
2017թ.-ի պետական բյուջեում ներառված զարգացման թվերը չեն ապահովում աճող պարտքի բեռից դուրս գալու անհրաժեշտ տեմպերը, իսկ դա պետք է լինի 5 տոկոս:
ԱԺ-ում պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ որդեգրած քաղաքականությունը տանում է դեպի դեֆոլտ, տնտեսական կոլապս:
«Դուք ասում եք, թե մենք ուզում ենք, որ դուք արտաքին պարտքի քաղաքականությունը փոխեք։ Ո՛չ, չենք ուզում, որովհետև խնդիրը պարտքային քաղաքականության մեջ չէ, խնդիրը զարգացման քաղաքականության, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մեջ է: Մենք այս թվերով գնում ենք անդունդ»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորն ասաց, որ եթե իրենք կողմ քվեարկեն այս բյուջեին, ապա կկիսեն երկիրը անդունդը տանելու պատասխանատվությունը:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ կառավարությունը չունի երկրի զարգացման բանալին, այնինչ, նրա համոզմամբ, իրենք ունեն բանալին, որի շնորհիվ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կլինի:
«Իսկ դուք զբաղված եք ժամավաճառությամբ, տնտեսությունը խեղդելով, պետական բյուջեի միջոցները մսխելով»,- ասաց Զուրաբյանը:
