Աշխարհի ամենահարուստ տեսաբլոգերները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է YouTube ժամանցային կայքի ամենաբարձր վարձատրվող բլոգերների անունները՝ ներկայացնելով համապատասխան վարկանշային աղյուսակը:
Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում է հայտնվել 27-ամյա շվեդ Ֆելիքս Քելբերգը, որն ավելի շատ հայտնի է PewDiePie մականունով: Նշվում է, որ 2015թ. հունիսից մինչ ընթացիկ տարվա հունիսը նա վաստակել է 15 մլն դոլար:
Նշենք, որ տղամարդը տեսանյութեր է հրապարակոըւմ Let's Play ժանրում. նա խաղում է ու միաժամանակ մեկնաբանում տեսախաղի ողջ ընթացքը: Նրա յութուբյան ալիքին հետևում է ավելի քան 50 մլն մարդ:
Forbes-ի կազմած վարկանշային աղյուսակի 2-րդ տեղում է պրանկեր Ռոման Էթվուդը, ում կարողությունը գնահատվել է 8 մլն դոլար:
Լավագույն եռյակը եզրափակում է սթենդափ ժանրի հումորիստ Լիլի Սինգխը, ում կարողությունը 1 տարում եռապատկվել է՝ հասնելով 7.5 մլն դոլարի:
Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 12 տեսաբլոգեր, որոնք 1 տարում միասին վաստակել են 70.5 մլն դոլար:
