Կանադայի վարչապետը հուզվել է սիրիահայ փախստականի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հուզվել է՝ լսելով սիրիահայ փախստականի պատմությունը Կանադա ժամանելու իր առաջին օրվա մասին, հայտնում է CBC-ը:
Սիրիացի փախստականների հետ կլոր սեղանի ժամանակ Տրյուդոն չի կարողացել զսպել իր հույզերը՝ լսելով Վանիկ Գարաբեդյանին, որը պատմել է իր նոր հայրենիքում գտնվելու առաջին րոպեների մասին:
«Երբ մենք վայրէջք կատարեցինք Փիրսոնի անվան օդանավակայանում, առաջին մարդը, ում ձեռքը սեղմեցինք, վարչապետն էր»,- ասել է Գարաբեդյանը: Այս խոսքերը լսելիս Տրյուդոյի աչքերն անմիջապես արցունքներով են լցվել:
«Երբ ես հանդիպեցի վարչապետին, նա երկու բառ ասաց՝ «Բարով եք եկել տուն»: Պատկերացրեք, որ դուք ապրում եք պատերազմական գոտում, լքում եք ձեր տունը, և ձեզ դիմավորում են երկու բառով՝ «Բարով եք եկել տուն»,- շարունակել է Գարաբեդյանը: «Այդ պահին իմ հիշողությունները վերադարձան հետ Սիրիա՝ մինչև պատերազմն այնտեղ ունեցած կյանքը, մեր երջանկությունը, և այն սարսափելի ժամանակը, որի միջով մենք անցանք պատերազմի ընթացքում: Ես զգացի, որ ես հպարտ եմ լինել այստեղ»,- հավելել է սիրիահայը:
Տրյուդոն անձամբ էր դիմավորել Գարաբեդյանին և այլ սիրիացի փախստականների, որոնք անցած տարվա դեկտեմբերին Բեյրութից ինքնաթիռով ժամանել էին Տորոնտո:
