ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը. Գալուստ Սահակյան
2017թ.-ի պետական բյուջեն արտացոլում է քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը՝ զարգացման ուղիները մատնանշելով: ԱԺ-ում այս մասին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պետբյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ:
Սահակյանը նշեց, որ կառավարության ծրագրի իրականացման պարագայում կստեղծվեն որոշակի նախադրյալներ՝ տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: «Տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 4 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով: Իհարկե, սա բավարար չէ տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն հնարավորություն է տալիս ստեղծել հիմք՝ տնտեսության հետագա զարգացման համար»,- նշեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, Գալուստ Սահակյանն ասաց. «Մեզ մոտ հենց այդպես է, եթե ընդդիմություն է, միշտ պետք է խոսի, որ ամեն ինչ շատ լավ չէ, որ բանալի պետք է ճարել, նորից սկսել, գնալ առաջ, բայց նաև ասեմ հետևյալը, որ կառավարության խոսքից ավել որևէ մեկը որևէ բան չկարողացավ ասել: Էդ ամեն ինչը կառավարությունը կարողացել է ծրագրավորել»:
ԱԺ նախագահը շեշտեց, որ պետբյուջեն արտացոլում է երկրում առկա տարաբնույթ խնդիրները: «Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների ամբողջական լուծման համար, բայց միևնույն ժամանակ համոզված ենք, որ բյուջեն արդյունավետությամբ օգտագործելով կլուծվեն հիմնախնդիրները: Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը: Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման ուղղությամբ»,- մասնավորեցրեց Սահակյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ իրենք չպետք է բավարարվեն ձեռք բերածով, պետք է շարունակեն նոր ծրագրեր իրականացնել՝ տնտեսական աճի ապահովման համար: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը, գործարար աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զգա իշխանությունների աջակցությունը բարենպաստ միջավայր ստեղծելու գործում»,- ընդգծեց խորհրդարանի նախագահը:
Վերջում Սահակյանը կրկին դիմեց ընդդիմությանը. «Ընդդիմությունը պետք է միշտ ոտքի վրա կանգնի, և որովհետև առաջիկայում ընտրություններ են, այն բանալիները, ուղղորդող գործիքները, որ ունեք, ընտրությունների ընթացքում ասեք, գուցե դուք էլ գաք իշխանության»:
