Ոստիկանությունը պարզել է Նանսենի անվան դպրոցի մոտ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը
«Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել։ Tert.am-ի տեղեկություններով ոստիկանությունը պարզել է կրակոցներ արձակած անձանց ինքնությունը և նրանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրի իսկությունը.«Ինչպես և նախկինում եմ ասել այս գործի վերաբերյալ, կատարվում են որոնողական աշխատանքներ: Միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ»:
Հիշեցնենք, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի բակում երեկ կրակոցներ էին հնչել:
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դպրոցի շենքին մոտեցող «BMW X5» մակնիշի ավտոմեքենային հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել «BMW X5»-ի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ապակին։ Բացի այդ, կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին։
Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
