Թուրքիայի Սղերդ քաղաքում քուրդ զինյալները հարձակում են գործել ոստիկանատան վրա, կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Սիիրթ քաղաքում (պատմական Սղերդ) «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հարձակում են գործել Բարըշ թաղամասում գտնվող ոստիկանատան շենքի վրա, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ գրոհայինները հարձակման ընթացքում կիրառել են ինքնաշեն պայթուցիկներ և ինքնաձիգներ:
Պարբերականի փոխանցմամբ՝ բախումների հետևանքով սպանվել է երկու քուրդ գրոհային և վիրավորվել 5 ոստիկան:
Սիիրթի նահանգապետարանն իր հայտարարության մեջ նշել է, որ բախման ընթացքում սպանված զինյալները մասնակցել են նաև հուլիսի 27-ին Սիիրթ-Էրուհ ավտոմայրուղու վրա երեք թուրք զինվորների մահվան պատճառ դարձած հարձակմանը:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
