Էրդողանը ստորագրել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այսպիսով՝ ստորագրված փաստաթուղթն արդեն օրենքի ուժ է ստացել:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա փաստաթուղթն այժմ համաձայնեցվում է կառավարության կողմից: Չի բացառվում, որ ՌԴ խորհրդարանը կարող է այն վավերացնել մոտ ապագայում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մոսկվան և Անկարան հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որը ենթադրում է Սև ծովի հատակով գազատար խողովակաշարի երկու ճյուղի կառուցում: Հայտնի է, որ առաջին ճյուղը նախատեսված է գազը թուրքական շուկա մատակարարելու, իսկ 2-րդը՝ վառելիքը Եվրոպա հասցնելու համար: Ենթադրվում է, որ նախագծի մեկնարկը կտրվի 2017թ. սկզբին ու ավարտին կհասցվի 2019թ. դեկտեմբերին:
Նշվում է, որ Թուրքիայի էներգետիկ քաղաքականության համար «Թուրքական հոսք» նախագիծը կարևոր նշանակություն ունի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման մասին օրենքը։ Օրենքն ընդունվել է 210 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքի ընդունմանը նախորդել էին Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները, որոնց ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքի» կառուցումը բխում է Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրոպայի շահերից:
