Ստամբուլի Յըլդըզի տեխնիկական համալսարանում 14 ակադեմիկոս է ձերբակալվել
Ստամբուլի Յըլդըզի տեխնիկական համալսարանում անցկացված ոստիկանական հատուկ գործողության ընթացքում 14 ակադեմիկոս է ձերբակալվել, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նրանք մեղադրվում են Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար:
Նշենք, որ ավելի վաղ նույն մեղադրանքով Յըլդըզի տեխնիկական համալսարանում ձերբակալվել է համալսարանի 103 աշխատակից, նրանցից 73-ը՝ գիտական կոչում ունեցող համալսարանականներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
