Թուրքիայում գյուլենականների հետ կապերի համար ձերբակալվել է քեմալականների առաջնորդի խորհրդականը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականներից Ֆաթիհ Գյուրսուլը ձերբակալվել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ ձեռնարկվող ոստիկանական գործողությունների շրջանակում:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այսօր Անկարայում ձերբակալված Գյուրսուլը, որը նաև Ստամբուլի պետական համալսարանի նախկին դասախոսներից է, քեմալականների առաջնորդ Քըլըչդարօղլուի՝ գիտության, տեխնոլոգիայի և հաղորդակցության գծով գլխավոր խորհրդականն է:
Ի դեպ, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը ներկայում գլխավորում է Քըլըչդարօղլուն, հիմնադրվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
