«1000 դրամ» նախագծի առթիվ եղել են դրական արձագանքներ, հիացմունք, նաև՝ անվստահության մոտիվներով քննադատություն. Ա. Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք առաջին ընթերցումից հետո նախատեսվում է փոփոխություններ իրականացնել «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» նախագծում։
«Չեմ կարող ասել, թե ինչ կփոխվի, սակայն չեմ կարող բացառել որևէ փոփոխություն»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս իրականացվում են քննարկումներ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական խմբերի հետ, սակայն առարկայական փոփոխություններ դեռևս չի կարող նշել:
Ինչ վերաբերում է նրան, թե հենց քննադատություններ են հնչում, որ նախքան Ազգային ժողով ներկայացնելը պետք էր հասարակական քննարկումներ իրականացնել, խոսնակն ասաց, թե պաշտպանության նախարարը ևս պարզաբանել է, որ դա կապված էր ԱԺ օրակարգի հետ, քանի որ հակառակ դեպքում այն կարող էր մեկ տարի հետաձգվել:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հասարակական խմբերից ամենատարբեր արձագանքներ են ստացել, եղել են շատ դրական արձագանքներ, հիացմունք, նույնիսկ ասվել է, որ սա ուշացած նախագիծ է։ Այս կամ այն խմբերը նույնիսկ ցանկություն են հայտնել ավելի շատ վճարել, սակայն եղել են նաև անվստահության մոտիվներով քննադատություններ:
