Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է՝ առաջանում են խնդիրներ, որոնց լուծման համար նոր մարդիկ են պետք. Գ. Մինասյանը ՀՀԿ-ն նոր դեմքերով համալրելու մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին քննարկվել են նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի վերաբերյալ հարցերը. այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության և ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ համագումարի ընթացքում կուսակցության ծրագրի և կանոնադրության փոփոխություններ կլինեն:
«Դրա վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, այդ ծրագիրը ավարտական տեսքի կբերվի կուսակցության Գործադիր մարմնի հաջորդ նիստից հետո»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն կարծիքներին, թե ՀՀԿ-ին նոր ու ավելի երիտասարդ դեմքեր են պետք, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է, առաջանում են նոր խնդիրներ, որոնց լուծման համար նոր մարդիկ ու նոր մոտեցումներ են պետք, կամ ավելի արդյունավետ լուծումներ են պետք»:
Հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀԿ-ի հեղինակությունն ընտրություններից առաջ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենց հեղինակությունն այնպիսին է, ինչպիսին կուսակցության քվեներն են բոլոր ընտրությունների ժամանակ, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ասել, որ իրենք կունենան պատշաճ ներկայացվածություն:
Հարցին, թե համագումարի հյուրերի թիվը ճշտվա՞ծ է, և, օրինակ, Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է, Գագիկ Մինասյանն ասաց, թե այդ հարցը չի քննարկվել ոչ միայն այսօրվա, այլև նախորդ նիստերում ևս:
Իսկ թե ինչով էր պայմանավորված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որոշումը, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու որոշ ժամանակով հեռանում է Հայաստանից, Գագիկ Մինասյանն ասաց, որ դա նրա որոշումն է եղել, ճնշում Աբրահամյանի վրա չի եղել:
