Երեւանում քննարկվել է ՀՀ-ՌԴ առեւտրային կապերի ընդլայնումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:
Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հովանու ներքո եւ նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:
Վարչապետն ընդգծել է համաժողովի կարեւորությունը` նշելով, որ այն անհրաժեշտ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման եւ իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջեւ երկխոսության համար:
Դենիս Մանտուրովն էլ նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ եւ կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար:
Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, եւ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար:
Կողմերը քննարկել են գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը եւ գործունեությանը վերաբերող մանրամասներ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ ծրագրերի շուրջ:
