Բողոքի ակցիա Ախալքալաքում. բնակիչները պահանջում են բացահայտել հայ ընտանիքի անդամների սպանության շարժառիթները
Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղի բնակչները հայ ընտանիքի՝ մոր և երեք անչափահասների սպանության շարժառիթների պատասխանն են պահանջել տեղի ոստիկանությունից:
Tert.am-ի հետ զրույցում Վաչիան գյուղի բնակչուհի Ռուզան Ս.-ն ասաց, որ այսօր Ախալքալաքի ոստիկանության դիմաց գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` ոստիկանությունից պահանջելով բացահայտել Քաչոտյանների ընտանիքի անդամների սպանության իրական շարժառիթները:
«Ասել են, թե սպանության մեջ կասկածվող Նոդար Ակոպովն ինքնասպանություն է գործել և վերջ: Այլևս ոչինչ հայտնի չէ, Ակոպովի դին էլ ոչ ոք չի տեսել, բացի ընտանիքի հորից, ում լուսանկարներով ցույց են տվել, թե Ակապովը ինքնասպանություն է գործել»,-ասաց բնակչուհին։
Բացի այդ, Ռուզան Ս.-ն ասաց, որ բնակիչները չեն հավատում, որ Նոդար Ակոպովը միայնակ է գործել, իսկ գյուղում բնականոն կյանքը խաթարվել է:
Բողոքի ակցիայի մասնակիցներին Ախալքալաքի ոստիկանությունից հայտնել են, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ճշտել Ախլցխայի ոստիկանությունից:
Նշենք, որ Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ջավախքի տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած էին գտել Խաչոտյանների ընտանիքի չորս անդամներին` 37-ամյա մորը և երեք` 5, 16 և 18-ամյա երեխաներին:
