Հայոց ցեղասպանության հատուցման խնդիրը հասել է ակադեմիական ոլորտ․ Աշոտ Մելքոնյան
Նախկինում Հայոց ցեղասպանության հատուցման մասին խոսելիս բոլորը մտածում էին Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու մասին և իրատեսորեն չէին գնահատում իրողությունները․ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ նշելով,որ հիմա արդեն փոխվել է բոլորի վերաբերմունքը:
«Հատուցման խնդիրը շատ կարևոր է: Հոլոքոստի պարագայում հրեաներն ի սկզբանե իրերը ճիշտ հասկացան և տարան հատուցման ուղիով․ արդեն 50-ականների սկզբից սկսվեց հատուցման գործընթացը, որն առ այսօր շարունակվում է, մինչև հիմա էլ հրեական կողմը շարունակում է բողոքել, որ տրվածը շատ քիչ է, այն ամենի դիմաց, ինչը տեղի է ունեցել հրեաների հետ»,- մատնանշեց Աշոտ Մելքոնյանը:
Պատմաբանը նշեց, որ հատուցման խնդիրը գիտնականների, կուսակցությունների, հայ դատի հանձնախմբի հետ քննարկելուց հետո «հասել է» ակադեմիական ոլորտ, և պետք է ձևակերպվեն հատուցման պահանջները, որոնք կարող են լինել նյութական, տարածքային հատուցումներ, որից, ըստ նրա, երբեք չպետք է խորշենք:
«Երբ որ նոր երևույթների մասին ես խոսում, հանրությունը կարող է քեզ սվիններով դիմավորել, բայց կամաց-կամաց սկսում են վարժվել»,- նշեց նա՝ հավելելով, որ անգամ գերմանացիները, որոնք մշտապես մեզ համոզում էին հրաժարվել Ցեղասպանության հատուցման պահանջից, այս տարի Բունդեսթագի կողմից Ցեղասպանության բանաձևն ընդունելուց հետո արդեն կողմ եմ հատուցման պահանջին:
Զուգահեռներ անցկացնելով Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ նա մատնանշեց, որ տարբերությունը տարածքային պահանջի մեջ է․«Հայոց ցեղասպսնությունը եղել է Արևմտյան Հայաստանում, տեղի է ունեցել հայրենազրկում»:
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ գիտաժողովում հատուցման վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն և դրանցով կկազմեն ժողովածու, որը մի քանի օրից պետք է պատրաստվի:
