Թուրքիայում հեղաշրջման փորձի գիշերը մահացած քաղաքացիների ազգականները կազատվեն զինվորական ծառայությունից
Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ մահացած քաղաքացիների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին հայտնում է թուրքական «Րեսմի» պարբերականը:
Նշվում է, որ «հեղաշրջման փորձի ընթացքում այն կանխել փորձած», այսինքն՝ զանգվածային հավաքներին մասնակցած և ապստամբների հետ բախման հետևանքով մահացած քաղաքացիների երեխաները և եղբայրները կազատվեն զինվորական ծառայություն անցնելու պարտականությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
