Քրիս Ջեները, Քորթնի և Քլոե Քարդաշյանները ներկա են եղել Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը պատվող միջոցառմանը (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղերից 3-ը՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիս Ջեները, ներկա են եղել Նյու Յորքում կայացած Angel Ball բարեգործական գալա երեկոյին, որի շրջանակում կազմակերպիչները պատվել են հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ի սկզբանե ծրագրված էր, որ միջոցառմանը ներկա է լինելու շոուի գլխավոր աստղ Քիմ Քարդաշյանը, սակայն փարիզյան կողոպուտից հետո ընդհատակ անցած հայուհին հրաժարվել է մասնակցությունից:
Նշվում է, որ թե՛ Քարդաշյան քույրերը, թե՛ նրանց մայրը ելույթ են ունեցել բեմից՝ կարևորելով ուռուցքային հիվանդությունների դեմ տարվող պայքարը: 61-ամյա Ջեները, որը Ռոբերտ Քարդաշյանի հետ ամուսնացած է եղել 1978-1991թթ., իր ելույթի ժամանակ չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Քարդաշյանների հայրը մահացել է 2003թ.՝ քաղցկեղից:
