Գերմանացի գործարարներին հետաքրքրում է քաղաքական կայունությունը երկրում, որտեղ ցանկանում են ներդրումներ անել. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Գերմանիան Հայաստանի համար երրորդ խոշոր գործընկերն է՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ ընդգծելով, որ այս տարի առևտրի ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառության աճ է գրանցվել:
Դեսպանի խոսքով՝ միայն այս տարի գերմանական կողմից եղել են ֆինանսական նոր հատկացումներ շուրջ 54.4 միլիոն եվրոյի չափով: Բացի դրանից՝ 22 միլիոն եվրոյի աջակցություն է եղել տարածաշրջանային ծրագրերի նպատակով:
Իսկ երեկ կայացած միջկառավարական բանակցություններից հետո այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է արձանագրություն:
«Ւսկապես, 2016 թվականն առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների զարգացման առումով։ Տարին հատկանշվեց փոխադարձ այցելությունների ինտենսիվությամբ։ Հիշատակեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան այցը Բեռլին։ Հունիսի վերջին Հայաստան ժամանեց Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը, Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ –ն այս տարի: Տարին աչքի ընկավ նաև միջխորհրդարանական այցերի առատությամբ»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, տեսանելի չէ գերմանական խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան, և ո՞րն է դրա պատճառը` ՀՀ օրենսդրական բացերը՞, թե ոչ լավ գործարար կլիման, կոռուպցիա՞ն, դեսպան Քիսլերն ասաց.
«Գերմանացի գործարարները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ է շուկան: Ներդրումներ կատարելու համար նրանց հետաքրքրում է երկրում քաղաքական կայունությունը: Ցավոք, գերմանական լրատվամիջոցներում Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ արդի լուրերի վերնագրերը չէին խոսում տարածաջրանում կայունության մասին: Թեման ԼՂ հակամարտությունն էր: Նման հարցերը, հատկապես, խոչընդոտ են փոքր ու միջին գործարարների համար` տնտեսական հետաքրքրություն ցուցաբերելու առումով»:
Դեսպանը նշեց, որ գերմանացի գործարարներին ասում են, որ այստեղ` Հայաստանում, շատ հնարավորություններ կան ոչ միայն առևտրի, այլև արտադրության կազմակերպման առումով: Լրացուցիչ գրավչություն, ըստ դեսպանի, տալիս է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանությունը ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանությունն է Հայաստանում, և Մաթիաս Քիսլերն ուրախությամբ նշեց, որ անցած շաբաթ մեծ հաջողությամբ Հայաստանում ամփոփվեց ՆԱՏՕ- ի շաբաթը Հայաստանում:
«Սա, իր հերթին ապացուցում է, թե որքան սերտ են Հայաստանի ու Գերմանիայի միջև ռազմական հարաբերությունները»,- նկատեց գերմանացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորամիավորումը համագործակցում է գերմանական զորամիավորումների հետ:
