Հյուսիսային պողոտայի շինարարությունը չի ավարտվում՝ իրավաբանական ու ֆինանսական հարցերի պատճառով. Արա Աբրահամյան
Հյուսիսային պողոտայի շինարարությունը չի ավարտվում՝ իրավաբանական ու ֆինանսական հարցերի պատճառով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ ինքը տնտեսական խնդիրներ ունի, բայց, այնուամենայնիվ, մեծ գումար է ներդրել շինարարությունը ավարտին հասցնելու համար:
«Ինձ հաճախ հարցում են՝ պարոն Աբրահամյան, դուք ամեն ինչ կարող եք, կարևոր մարդ եք, մեծ հնարավորություններ ունեք, Հյուսիսային պողոտայի շինարարությունը ինչո՞ւ չեք վերջացնում: Մենք ոչինչ սխալ չենք արել, ես 100 միլիոն գումար եմ ներդրել ... Կան մի քիչ իրավաբանական, տնտեսական խնդիրներ ինձ մոտ առաջացած: Եթե հումանիտար օգնության ծրագրերը չիրականացնեմ, կվերջացնեմ շինարարությունը, բայց Հյուսիսային պոտողան ոչ մեկին չի խանգարում. 95 տոկոսով պատրաստ է, կարող եմ վաճառել»,- ասաց Արա Աբրահամյանը:
Նա նշեց, որ ինքը Հյուսիսային պողոտայի շինարարության հարցով հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու շնորհակալ է նրանց կատարած աշխատանքի համար:
«Վերջերս հավաքվեցինք, որ տեսնենք, թե ոնց այս բյուրոկրատական խնդրին լուծում տանք: Ես գործարար եմ, իմ խնդիրների մասին, երևի, դուք լսել եք, խնդիրների վրա խնդիրներ առաջացան, բայց, ի սեր աստծո, ոչ մեկին պարտք չեմ: Երբեք ոչ մեկին պարտք չեմ եղել: Իմ ընկերությունն այսօր գեթ մեկ դոլարի պարտք չունի»,- նշեց Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ խոշոր ընկերությունները, բանկերը, մտածել են, թե ինքը սնանկանում է և պահանջել են, որ մեկ ամսում վարկերը մարի:
