Պաշտոնական Բեռլինն արձագանքել է Անկարայի շանտաժին
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արձագանքել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևից հրաժարվելու փոխարեն Ինջիրլիքի ռազմակայանն օգտագործելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Շտայնմայերը սպառնացել է հրաժարվել Թուրքիայի տարածքից ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարի միջազգային առաքելությանը բունդեսվերի մասնակցությունից, եթե Անկարան շարունակի խոչընդոտել Ինջիրլիքի ռազմակայան Բունդեսթագի պատգամավորների այցին:
ՙԵրբ Բունդեսթագը քննարկի Թուրքիայում գերմանացի զինծառայողների տեղակայման մանդատի երկարացման հարցը, համապատասխան կոմիտեների պատգամավորները պետք է ռազմակայան այցելելու հնարավորությւոն ունենան: Ես կփորձեմ համոզել թուրքական իշխանություններին թույլատրել խորհրդարանականների այցը ռազմակայան՚,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:
Ըստ որում, Շտայնմայերը մերժել է իր թուրք գործընկերոջ պահանջը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Բունդեսթագի պատգամավորներին կթույլատրեն մուտք գործել Թուրքիայի տարածք միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևից: ՙԵս այստեղ անմիջական կապ չեմ տեսնում և բազմիցս այդ մասին ասել եմ թուրք գործընկերներին՚,- պարզաբանել է Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական կողմը թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել ՆԱՏՕ-ի Ինջիրլիքի ռազմակայան՝ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հետ կապված:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին օրերս հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորների կողմից Ինջիլիքի ռազմակայան այցելության հնարավորությունը կախված է քայլերից, որոնք կձռնարկի գերմանական կողմը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված:
