Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կապ չունի «Ինջիրլիքի» խնդրի հետ. Շտայնմայերը պատասխանել է Չավուշօղլուին
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի համար առաջադրված պայմանները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Գերմանացի պատգամավորները պետք է ունենան «Ինջիրլիք» ռազմաբազա առանց որևէ խոչընդոտի այցելելու հնարավորություն: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը որևէ կապ չունի խնդրի հետ, և այս մասին ես արդեն խոսել եմ Չավուշօղլուի հետ»,- ասել է Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք կթույլատրեն գերմանացի պաշտոնյաներին այցելել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա, եթե վերջիններս վերանայեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:
Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։
Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։
Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել դրան։
