Դատարանը մերժեց միջնորդությունը. Արարատ Խանդոյանը կմնա կալանքի տակ. փաստաբան
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի եղբոր) փաստաբանի՝ գրավ կիրառելու միջնորդությունը:
Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը հայտնեց, որ որոշման հիմնավորման մեջ հերթական շաբլոնային որոշում է, որտեղ Արարատ Խանդոյանին կալանքի տակ պահելու որևէ հիմնավորում չկա:
«Մենք այնպիսի փաստարկներ ենք ներկայացրել, այնպիսի մարտական ուղի, որ Հայաստանում որևէ պաշտոնատար անձ նման մարտական ուղի չունի, իսկ դատարանը մատնանշում է, թե նա կդիմի փախուստի ու պահում է կալանքի տակ»,-ասաց փաստաբանը:
Արա Ղարագյոզյանն ասաց, որ բողոքը շարունակելու են և սպառելու են Հայաստանի բոլոր դատական ատյանները՝ Եվրոպական դատարան դիմելու համար:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:
