Ինչպես են օգտագործելու դադարը հայկական թիմերը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում երկշաբաթյա դադար է:
Հավաքականների միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում հայկական ակումբների հիմնական մասը հանգստի փուլում է և առաջիկա օրերին սկսելու է նախապատրաստությունը:
Armsport.am-ը ներկայացնում է, թե ինչ դրություն է թիմերում և ինչպես է լրացվելու այս դադարը:
«Շիրակ»
Բարձրագույն խմբի ներկա առաջատարը մարզումները վերսկսելու է սեպտեմբերի 1-ից: Այս ընթացքում հիմնական աշխատանքը տարվելու է նորեկներին թիմին ներգրավելու ուղղությամբ:
«Ալաշկերտ»
Չեմպիոնը «Շիրակի» հետ արտագնա խաղից հետո հանգստանալու է մինչև վաղը: Օգոստոսի 31-ից Աբրահամ Խաշմանյանի թիմը շարունակելու է մարզումները: Վաղն «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է անցկացնելու իրաքյան «Զախոյի» հետ:
«Բանանց»
Տիտո Ռամալյոյի մարզչական շտաբը «Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո կարճաժամկետ արձակուրդի է մեկնել Իսպանիա: «Բանանցը» մարզումները վերսկսելու է սեպտեմբերի 3-ից:
«Փյունիկ»
Արտակ Օսեյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 1-ից է վերսկսելու մարզումները: Պարապմունքներն ընթանալու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
«Գանձասար-Կապան»
Կապանյան թիմը ՖՆ «Միկա» մարզահամալիրում մարզումները վերսկսելու է եռօրյա հանգստից հետո՝ սեպտեմբերի 1-ից:
«Արարատ»
«Արարատի» ֆուտբոլիստներին հանգիստ չի տրվել: Թիմը շարունակում է նախապատրաստվել Ձորաղբյուրի մարզաբազայում: Արկադի Անդրեասյանն օրական 1, երբեմն էլ 2 մարզում է անցկացնելու:
