Մեզ պետք է ձիգ Ջավախք. պատգամավորի հայազգի թեկնածու (տեսանյութ)
Ախալքալաքում առաջադրված պատգամավորի հայազգի թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը մանդատի համար չի պայքարում:
Նա հավաստիացնում է, որ հզոր Ջավախք կառուցելու նպատակ ունի: Tert.am-ի հետ զրույցում ընդդիմադիր թեկնածուն ասաց, որ հայաշատ Ջավախքն իր համար պարզապես տարածք չէ, դա առաջին հերթին մարդիկ են, ում բարեկեցության ապահովման համար էլ ինքն առաջադրվել է որպես թեկնածու:
Արսեն Կարապետյանը հանդիպումներ է անցկացնում բնակիչների հետ, նրանց է ներկայացնում իր ծրագիրը, որտեղ կան հարկային ոստիկանությունից ազատվելու, բիզնեսը իշխանությունից տարանջատելու, աշխատավարձերն ու թոշակներն ավելացնելու, աշխատատեղեր ստեղծելու և այլնի մասին խոստումներ: Ախալքալաքի համար որպես առանցքային խնդիր ինքն առաջարկում է հետ բերել 17 գյուղերը, որոնք վրացական իշխանության որոշմամբ միացվել էին Բորժոմիի ընտրատարածքին:
Ջավախքը, որը բաժանված է երեք մասի՝ Ախալքալաք ու Նինոծմինդա, Ախալցխա ու Ադիգենի, Բորժոմի ու Ասպինձա, վրացական գործող իշխանությունների որոշմամբ վերանայվել է ու արդյունքում Ախալքալաքի 17 գյուղեր, որոնցից 14-ը հայաբնակ են, միացվել են հարևան Ասպինձայի ու Բորժոմիի շրջանի ընտրատարածքներին, ինչը վտանգավոր է նախ հայերի ձայների հնարավոր փոշիացման հեռանկարով, ապա նաև վրացական կառույցներում հայերի ներգրավվածության թվի կրճատմամբ:
Բացի այդ, ինչպես ասաց Արսեն Կարապետյանը, Բորժումի բնակիչները ստիպված են լինելու իրենց խնդիրները պատգամավորին հասցնել 180 կմ ճանապարհ կտրել-անցնելու պայմաններում, ինչն առավել բարդացնելու է ընտրող-պատգամավոր կապի ապահովումը:
«Մենք ունենք ծրագիր, որ Ջավախքի համար լավ լինի: Հարկային ոստիկանության մասին, օրինակ, ասեմ, Վրաստանում վատ իրավիճակ է բիզնեսի համար, որովհետև վախ կա, որ այդ հարկային ոստիկանությունը տուգանք, տույժ կարող է ներկայացնել, քրեական գործ հարուցել: Դրա համար մենք առաջարկում ենք բիզնեսը լինի ապաքրեական»,- նշեց նա:
Արսեն Կարապետյանն ասաց, որ Ջավախքի համար կա ևս մեկ ցավալի խնդիր՝ հայերի թիվը առանցքային, ազդեցիկ պաշտոններում նվազել է: «Ուզում եմ ճիշտ հասկանաք, այնպես չէ, որ մենք ազգ կկիսենք, հային վրացուց կտարբերակենք, ո՛չ, մենք Վրաստանի մաս ենք, բայց ջավախահայը պետք է խնդիր չունենա ամբողջ Վրաստանում առաջ գնալու, լավ աշխատանք ունենալու խնդիր: Ցավոք, ջավախքցին այսօր նման հույս չունի, Նինոծմինդայի ոստիկանապետը՝ 4-րդը թվով, այսօր արդեն հայ չէ: Ես չեմ կարծում, որ Ջավախքում չկա մի իրավաբան, մի մասնագետ, որը կկարողանա զբաղեցնել այս պաշտոնը»,- մանրամասնեց պատգամավորի թեկնածուն:
Նա չհամաձայնեց տեսակետների հետ, որ իշխանությունը, որպես կանոն, միշտ էլ ստանում է տվյալ երկրում փոքրամասնություն հանդիսացող ազգի ձայները: Կարապետյանը նշեց, որ իրենք կարող են ապացուցել հակառակը՝ ցույց տալով, որ եթե իշխանությունը սխալ է վերաբերում ջավախահային, չի կատարում իր խոստումները, պատշաճ ուշադրություն չի դարձնում տվյալ ժողովրդին, այս դեպքում՝ հայերին, ապա իրենք կարող են պատասխանել՝ ընտրելով մեկ այլ ուժի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում, այդ թվում՝ հայաշատ Ջավախքում, խորհրդարանական ընտրություններ են սպասվում, որոնք տեղի քաղաքական-հասարակական շրջանակները որակում են աննախադեպ` իշխող կուսակցությանը, ըստ տեսակետների, առաջին անգամ մրցակցային ընդդիմություն է ներկայացվել:
Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի թեկնածությունը, իսկ Վրաստանի նախկին իշխանություններին ներկայացնող «Ազգային շարժում» կուսակցությունն առաջադրել է Արսեն Կարապետյանին: Թե ովքեր են թեկնածուները՝ կարդացեք Tert.am-ի նախորդ նյութում:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։
