Անկարան չի կատարել իր պայմանները վիզային ռեժիմի չեղարկման համար. եվրահանձնակատար
Եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Անկարան չի կատարել իր պայմանները Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման համար: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
«Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմաններն այս հարցում: Ահաբեկչության դեմ համատեղ պայքարից ելնելով՝ մեր կողմից որևէ զիջում չի լինելու: Մեզ համար կարևոր է օրենքի պահպանումն ու անհրաժեշտ պայմանների իրագործումը»,- ասել է Էթինգերը:
Եվրոպացի պաշտոնյան նաև խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կերպարի ու թուրք հասարակության մեջ նրա ունեցած ազդեցության մասին:
«Մենք տեսնում ենք, որ թուրք հասարակությունը ցանկանում է տեսնել ուժեղ առաջնորդի: Էրդողանն օգտագործում է այս փաստը: Նա շեշտը դնում է ազգայնականության ու պոպուլիզմի վրա: Նա ցանկանում է լողալ նույն ջրերում, ինչ ՌԴ նախագահ (Վլադիմիր) Պուտինն ու ԱՄՆ նախագահի թեկնածու (Դոնալդ) Թրամփը»,- հայտարարել է Էթինգերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։ Վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է մի շարք պայմաններ կատարի, մասնավորապես՝ փոփոխություններ մտցնի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում։
