Անգամ մեր ամենամեծ թշնամիներն այդպես չեն արտահայտվել Չե Գևարայի մասին, ինչպես Թուրքիայի խորհրդարանի խոսնակը. կուբացի դեսպան
Թուրքիայում Կուբայի դեսպան Ալբերտո Գոնսալես Կազալսն արձագանքել է նախօրեին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանի ելույթին, որի ընթացքում վերջինս քննադատել էր լատինամերիկացի հեղափոխական Չե Գևարայի պատկերով շապիկ կրող թուրք երիտասարդներին ու Գևարային «ավազակ» ու «մարդասպան» անվանել:
Դեսպանը նշել է, որ անգամ իրենց ամենամեծ թշնամիներն այդպես չեն արտահայտվել Չե Գևարայի մասին, ինչպես Թուրքիայի խորհրդարանի խոսնակը: Այս մասին հայտնում է թուրքական ilerihaber.org կայքը:
«Մենք չենք ակնկալում, որ դուք մեզ հետ կիսեք մեր հայացքները: Սակայն պահանջում ենք, որ հարգանք դրսևորեք մեր ազգային խորհրդանիշների հանդեպ: Չե Գևարան ոչ միայն Կուբայի, այլև ամբողջ Լատինական Ամերիկայի քաղաքական և պատմական ժառանգության մի մասն է»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ թուրքեր իրենց աջակցությունն են հայտնել իրենց նամակների ու հեռախոսազանգերի միջոցով:
«Երբ ասում եք, որ նա ավազակ էր, նկատի ունեք նրա՝ Կուբայի անկախության համար տարած պայքարը: Երբ ասում եք, որ նա մարդասպան էր, դրանով իսկ վիրավորում եք նաև մեր առաջնորդին: Սպասում ենք, որ այս հայտարարությունների շուրջ բացատրություններ տրվեն: Սակայն խորհրդարանի խոսնակի հետ դեռևս չեմ կարողանում կապ հաստատել»,- ասել է Կազալսը:
