Ամփոփ տեղեկատվություն, թե Խորենացի փողոցի բախման արդյունքում քանի քաղաքացի և ոստիկան է տեղափոխվել բժշկական կենտրոն (տեսանյութ)
Երեկ երեկոյան ժամը 23:00-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկանը, 4-ը`քաղաքացիական անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց « էրեբունի» ԲԿ-ի ավագ վիրաբույժ, դոցենտ Արտակ Վարդանյանը:
Ըստ նրա`հիվանդները տեղափոխվել են տարբեր բաժանմունքներ, նրանք ունեցել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ և ստացել ու ստանում են համապատասխան բուժում:
Մինչև առավոտ 3 հոգի բավարար վիճակում դուրս է գրվել, մնացածները շարունակում են բուժում ստանալ:
Արտակ Վարդանյանի խոսքով` ոչ մի հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ տուժածները, հիմնականում ԲԿ-ներ են տեղափոխվել գազային թունավորում և բութ առարկաներից ստացված սալջարդեր ախտորոշումներով: 2 անձ կոտրվածք ունի, մեկ ոստիկան երեկ գիշեր վիրահատվել է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ երեկ ժամը 22-ից սկսած` հիվանդանոց է ընդունվել 13 հիվանդ. 11-ը ոստիկան, 2-ը` քաղաքացիական անձ: ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ այստեղ գտնվող տուժածները ևս ունեն գազային թունավորում և սալջարդեր ախտորոշումները:
Հավելվեց, որ մեկ ոստիկանի էլ ընդունել են առավոտյան 5-ին , նույն ընթացքում մեկը դուրս է գրվել: Այս պահի դրությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում 13 տուժած բուժօգնություն է ստանում:
