Բրիտանուհին մարմնի մեջ դրված չիպի միջոցով զգում է աշխարհում տեղի ունեցող ամեն երկրաշարժ (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մուն Ռիբասն իր թևի մեջ ներդրված հատուկ չիպի միջոցով զգում է մոլորակի ցանկացած կետում տեղի ունեցող երկրաշարժերն ու ստորգետնյա ցնցումները:
«Մեր մոլորակը կենդանի է, այն անդադար պտտվում է, շարժվում, և ես ուզում եմ սեփական մարմնիս մեջ ամենայն խորությամբ զգալ նրա յուրաքանչյուր շարժը»,-մեջբերում է Oddity Central-ը մասնագիտությամբ պարուհի Ռիբասի խոսքերը:
Բրիտանուհին պատմել է, որ փորձում է այդ շարժումները զգալով` հետաքրքիր պարային համարներ բեմադրել: Այլ կերպ ասած` նա Երկրի շարժումներն արտահայտում է պարի լեզվով:
Աղբյուրը մանրամասնում է, որ հզոր սեյսմիկ զգայակով չիպը գտնվում է բրիտանուհու աջ թևի արմունկի մոտ ու մշտական կապի մեջ է առցանց ռեժիմով աշխատող սեյսմոգրաֆի հետ: Ամեն անգամ, երբ ինչ-որ տեղ երկրաշարժ է լինում, չիպը սկսում է թրթռալ:
«Երբ անցած տարի Նեպալում տեղի ունեցավ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը, ես կեսգիշերին վեր թռա` թևիս մեջ զգացվող բարձր թրթիռից»,-պատմել է բրիտանուհին:
