Ալեն Պողոսյանին առաջարկվել է գլխավորել Գաբոնի հավաքականը
Ֆրանսիայի հավաքական նախկին ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից այդ երկրի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել,- տեղեկացնում է Gaboneco.com-ը:
2008-2012 թվականների ընթացքում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչներ Ռայմոն Դոմենեկի ու Լորան Բլանի օգնականը, ով ներկայում հանդիսանում Eurosport հեռուստաընկերության հատուկ մասնագետ, կարող է փոխարինել «հովազների» ներկայիս մարզիչ պորտուգալացի Ժորժե Կոստային, ում պայմանագրի ժամկետը սպառվում է հունիսին:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Պողոսյանը նշել էր, որ նախընտրում է այնպիսի առաջարկ ստանալ, որը նվազագույնը 2-3 տարվա նախագիծ կունենա:
Հայ մասնագետից բացի Գաբոնի ֆեդերացիան դիտարկում է նաև Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշի, ինչպես նաև նիգերացի Սթիվեն Կեշիի թեկնածությունը, ով 2013 թվականին Նիգերիայի ընտրանու հետ նվաճել է Աֆրիկայի ազգերի Գավաթի չեմպիոնի կոչումը:
