Լավրովը Երևան է գալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման մշակումներով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ին Երևան կատարվելիք այցի շրջանակներում կառաջարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված որոշակի մշակումներ: Այս մասին «РИА»-ի փոխանցմամբ այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ քննարկելու ՀՀ ղեկավարության հետ ղարաբաղյան հիմնախնդիրը: Ռուսաստանյան պարբերականներ՝ Известия-ն ու Коммерсантъ-ը, նախորդ օրերին գրեցին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է մասնակցելու առաջիկայում մեկնարկող բանակցություններին: Ըստ այդ հրապարակումների ՌԴ-ն ունի հակամարտության կարգավորման սեփական պլանը, որը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայվեն, վերադառնում են նաև փախստականները, բացվում են սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե կանցկացվի:
Այս համատեքստում հատկանշական է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 14-ին ժողովրդի հետ ուղիղ կապի ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ անդրադարձը, որտեղ հստակ ասվում էր հետեւյալտը. «Առաջիկայում ՌԴ-ն մեծ ներդրում կունենա խնդրի կարգավորման հարցում»:
«Սերգեյ Լավրովը դատարկաձեռն ոչ մի տեղ չի ուղևորվում»,-ասել է Զախարովան՝մեկնաբանելով այն դիտարկումը, թե Լավրովը մեկնում է Երևան՝ իր հետ տանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը: «Ասել, որ դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Խոսքը գնում է որոշակի մշակումների մասին, կարգավորման հունի մեջ մի շարք գաղափարների քննարկման մասին: Դրանում էլ կայանում է միջնորդի մեր առաքելությունը, որպեսզի զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք նրանց խնդիրները, առաջարկենք համապատասխան լուծումներ»,-հավելել է Զախարովան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:
