Կվիրիկաշվիլի. Վրաստանը պատրաստ է դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անցկացման վայր
Վրաստանի իշխանությունը գիտակցում է, թե տարածաշրջանի համար որքան կարևոր է խաղաղության պահպանումը Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլին: Ընդ որում նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո ես հանդես եմ եկել մի քանի հայտարարություններով և պաշտպանել եմ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: Մենք շահագրգռված ենք, որպեսզի Կովկասում խաղաղություն լինի: Այդ հակամարտությունը կարող է բացասաբար անդրադառնալ ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Ուստի մենք գիտակցում ենք, թե որքան կաևոր է խաղաղության պահպանումը Լեռնային Ղարաբաղում: Դրա համար մենք կարող ենք առաջարկել Վրաստանը` որպես հաշտության բանակցություններ վարելու վայր: Մենք ուրախ ենք, որ վերջին ժամանակներս Լեռնային Ղարաբաղում դիտվել են իրավիճակի ապաէսկալացման նշաններ: Հուսով ենք, որ այդ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով», - ամփոփել է Կվիրիկաշվիլին:
